Հայաստանի Կարմիր գիրք
Հայաստանի Կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։
Մորեխ ելունդավոր (լատ.՝ Nocarodes nodosus), մորեխների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Հայաստանի բույսերի Կարմիր գիրք
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ։
ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ։
ՀՀ Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղներ (Amphibia – 2 տեսակ), սողուններ (Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ։
Մորեխ ելունդավոր
Մորեխ ելունդավոր
Ամուր և անհարթ ծածկույթներով և խոշոր մարմնով (արուի մարմնի երկարությունը 19,2-22,5 մմ է, էգինը` 36,5-48,5 մմ) անթև մորեխ է։ Գունավորումը մոխրագույն է, շագանակագույն, դեղնաշագանակագույն։
Համարվում է Հայաստանի էնդեմիկ և հայտնի է Արարատի մարզի մի շարք կետերից (Վեդի քաղաքի շրջակայք, Քաղցրաշեն գյուղի մոտակայք, «Գոռավանի ավազուտներ» արգելավայր)։
Մորեխ ելունդավորն ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում և ավազոտ անապատներում։ Բուսակեր է, բազմակեր: Ձմեռում են հավանաբար թրթուրները և հասուն առանձնյակները, հայտնվում են մարտ-ապրիլ ամիսներին, զուգավորվում՝ մայիս-հունիսին։
Ծայրահեղ սահմանափակ արեալով և եզակի առանձնյակներով հազվադեպ հանդիպող հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:
Վտանգման հիմնական գործոններն են՝ խոպան հողերի հերկումը, վտանգված չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցումը:
Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում։
Հայաստանի բույսերի Կարմիր գիրք
Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։
Բանպոտ նիզականման
Բանպոտ նիզականման
Բանպոտ նիզականման (լատ.՝ Polystichum lonchitis), վահանապտերազգիների ընտանիքին պատկանող պտերանմանբույս։
Բազմամյա կոճղարմատավոր բույս է: Ունի 10-45 սմ բարձրություն։ Վայի թիթեղը կոշտ է, կաշենման, գծային-նշտարաձև, շատ կարճ կոթով։ Ամենաներքևի սեգմենտները եռանկյուն են, հիմքում՝ կարճ ականջուկով, մնացածները լայն-ստրաձև են, սրասղոցաեզր։
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիական շրջանում (Քաջարանի շրջակայք, Խուստուփ լեռնագագաթ)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակերևույթից 2200-3000 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, քարքարոտ տեղերում։
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառակուսի կմ-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում։
Комментарии
Отправить комментарий