Նշանադրություն

Պայմանավորվածությունը ընտանիքների միջեւ ամրապնդվում էր թանկարժեք նվերներով՝ ոսկե մատանի, գունավոր շալ, այլ զարդեր: Այդ երեւույթը կոչվում էր "բեհ" տալ: Այժմ այդ արտահայտությունը կիրառում են բրոքերները տան առուվաճառքի ժամանակ:
Հարսի չինար բոյով եւ այլ տվյալներով հիանալուց հետո, հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է "նշանդրեք": Աղքատ ընտանիքների մոտ խոսքկապն ու նշանդրեքը նույնացված էին, որ "ծախսը մի տեղ լինի": Վաղ առավոտյան փեսայի հայրը հարսի տուն էր ուղարկում համով, շատ համով ուտելիքեր՝ քաղցրեղեն, խմիչք, հաճախ` խորոված, իսկ իր տունը` հրավիրում սեփական ազգականներին: Չէին մոռանում նաեւ քահանային եւ երաժիշտներին: Հետո վերցնում էին սկուտեղներ, արծաթե մատանի, հաճախ, նաև, փեսային և գնում հարսի տուն` նշան: Խմում էին կենացներ օջախի շենության, առողջության եւ այլ նման բաների համար: Երիտասարդներին մաղթում էին երկար, համատեղ կյանք, մի բարձի ծերանալ եւ շատ երեխաներ ունենալ: Քահանան երիտասարդներին խոհեմություն եւ հավատարմություն էր քարոզում:
Մատանին աղջկա մատին դնում էր փեսան, իսկ եթե նա շատ համեստ էր, այդ պատասխանատու գործն իր վրա էր վերցնում նրա մայրը: Հայաստանի այն վայրերում, ուր հավատքը մեծ դեր չուներ, քահանայի իմաստը չկար: Օրինակ, Սյունիքում նշանի արարողության ժամանակ սեղանը մնում էր չօծված, քանզի. "ազնիվ խոսքն ավելի կարեւոր է, քան սեւազգեստների օրհնությունը",- կարծում էին զանգեզուրցիները: Նշանի գործընթացի հաջող ավարտից հետո կողմերը սկսում էին խնամություն անել իրար. միմյանց օգնում էին բուրդ չփխել, գորգ լվանալ, նվերներ էին փոխանակում եւ այլն: 
Նշանդրեքը մեր օրերում
20-րդ դարի 60-ական թվականներից հայերի մոտ սկսեցին ձևավորվել նոր ավանդույթներ: Հարսանիքի նախաձեռնողներն արդեն հանդիսանում են հենց իրենք` ապագա ամուսինները: Մի կողմ դնելով նախնիների կողմից դարերով մշակված բարոյական չափանիշները` երիտասարդները ծանոթանում են առանց բարդույթների: Միայն ծնողների համաձայնությունը չստանալու դեպքում են նրանք դիմում մեր պապենական մեթոդին. փախչում են:

Խոսքկապ

Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ: Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդներ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է: Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն: Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր: Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում: 

Դրական պատասխան ստանալուց հետո աղջկա տուն "ուղեւորվում էին" պատվիրակները`տղայի մայրը եւ քեռին: Նրանց այցի մասին նախօրոք իմաց էր տրվում աղջկա կողմին, հավանաբար, պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար: Խնամիների խոսքը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է հետեւյալ տեսքը. "Մենք եկել ենք` ձեր օջախից մի բուռ կրակ տանելու եւ շեն պահելու մեր օջախը ..." կամ "քար տանելու եւ մեր շենքը կառուցելու ..." և այլն: Մեր ժամանակներում նույնիսկ դժվար է գնահատական տալ նման խոսքերին: Նշենք, որ ոչ մի դեպքում աղջկա կողմին չէր թույլատրվում միանգամից համաձանել: Հարսի գինը բարձրացնելու համար խոստանում էին մտածել: Հաճախ խոսքկապը գլուխ բերելու համար տղայի ծնողները երեքից-չորս անգամ նույն տեքստով գալիս էին հարսի տուն: Եվ միայն աղջկա հոր ազդու պատասխանից հետո վերջ էր դրվում բեմականության այդ մասին: Սակայն հայրն իր հերթին չոր, կոշտ ու կոպիտ "հա" չէր ասում, այլ նույն կերպ` այլաբանորեն. "Մենք պատրաստ ենք մեր թաշկինակը տալ ձեզ": Համոզված ենք, որ աղջկան ավելի դուրեկան էր քար ու կրակ լինել, քան թաշկինակ: 

Մինչեւ դրական պատասխանը իրավունք չունեին հյուրասիրել խնամիներին, քանզի եթե հաց տաս, աղջկադ էլ պիտի տաս: Որքան էլ տարօրինակ լինի, բայց աղջկա հայրը սեփական համաձայնությունը տալուց հետո հրապարակավ հարցնում էր նաեւ աղջկա կարծիքը: Սակայն ոչ մի աղջիկ երբեւէ համարձակություն չուներ հոր խոսքից դուրս գալ: 

Հ.Գ.- Բնականաբար, խոսքկապի կամ հարսնատեսի ժամանակ բոլորը հարսից ջուր էին ուզում, որ տեսնեն հո չի կաղում, ձեռքերը չեն դողում, շլդիկ չի եւ այլն: Կարծիք կա, նաև, որ ջուր խնդրում էին, որպեսզի խմելու ընթացքում հնարավոր լիներ հարսին ոտքից գլուխ հանգիստ ուսումնասիրել: Այս դեպքում հարսին դիտելը այդքան էլ տգեղ չէր դիտվի:

Комментарии