Կոմիտասյան օրեր

Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
 
Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:
Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։ 
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։
Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։


Բանաստեղծություններ

Պատրաստել եմ մի տեսանյութ, որտեղ ընթերցում եմ Կոմիտասի բանաստեղծություններից: Կարեղ եք դիտել հետևյալ հղումով:

Բանաստեղծությունները կարող եք ընթերցել ներքևում.

Ծաղին ու շաղի
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Սեր ու ջուր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։
Ծառի քովեն
Սարի հովով,
«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.
Հոգուս խորեն,
Սիրու ձորով,
Զիս կսիրե՞ս, մրմնջեց.
Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։
Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։
Իմ երազում
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Комментарии