Հոգեբանական խառնվածքի 4 տիպերը

Ֆլեգմատիկներ- Նրանք բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։
Սանգվինիկ- Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով։ Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն։ Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել։ Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ է նվիրվում, և շատ շուտ հիասթափվում է։ Սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են։ Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են։

Խոլերիկ – Սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։

Մելանխոլիկ- Այդ տիպին պատկանող մարդիկ ունեն բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում։ Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել՝ դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից։ Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է։ Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար։ Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք։ Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար։

Комментарии