Գեղեցիկը և դրա հասկացությունները

Հանձնարարություն.
Արդյոք հետևյալ գոյականները՝ կարապ, կով, օձ, նիհար կին, գեր կին, դուրս ցցված շրթունքներ,դիմաներկ օգտագործող տղամարդ, հոնքերը սափրած կին, գլխի որոշ հատվածների մազերը խուզած մարդ, որովայնի վրայի սպի, ձեռքով սնունդը ափսեից բերանը տանել, գեղեցիկ են կամ գեղեցիկ չեն համարվում ըստ հինդու(հնդկացի), ամերիկացու, ուզբեկի, չինացու, թայլանդացու, աֆրիկացու, վերածննդի դարաշրջանում ապրող մարդու:

Կարապը վերածննդի, մաքրության, ողջախոհության, հպարտ միայնության, ազնվության, իմաստության, պոեզիայի և քաջության, կատարելության խորհրդանիշն է: Այս թռչունի տեսակները հանդիպում են գրեթե ամբողջ աշխարհում, բացի հասարակածային երկրներից: Կարապը գեղեցկության խորհրդանիշ է գրեթե ամբողջ աշխարհում` բացառությամբ Կենտրոնական Աֆրիկայի երկրների:
Կովը պտղաբերության խորհրդանիշ է համարվել հնագույն շատ ժողովուրդների, մասնավորապես հին եգիպտացիների և հնդիկների համար: Ներկայումս էլ պաշտվում է Հնդկաստանի էթնիկ ամենամեծ խմբի` հինդու ժողովրդի կողմից:
Օձը` որպես գիտելիքի, ուժի, խարդավանքի, խորամանկության, գայթակղության խորհրդանիշ, պաշտել են Հեռավոր Արևելքում, հատկապես Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Ասիայում, հատկապես Թաիլանդում, Ուզբեկստանում և այլն: Որպես սպանող էակ` նշանակել է մահ և ոչնչացում, որպես մաշկը պարբերաբար փոխող էակ` կյանք և վերածնունդ:
Կինը հնուց ի վեր խորհրդանշել է գեղեցկությունն ու նրբությունը (և այդ պատճառով կանանց անվանում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ), տղամարդը` ուժը, կոպտությունը (և այդ պատճառով տղամարդկանց անվանում են ուժեղ սեռի ներկայացուցիչներ):
Կանացիության չափանիշները փոփոխվել են տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների մոտ: Օրինակ, Հին Հունաստանում կնոջ գեղեցկությունը չափվում էր ճերմակ մաշկով և գիրության հակվածությամբ: Վերածննդի շրջանում գնահատվում էին կանացի փարթամ մարմնաձևերը, հատկապես գեր ազդրերն ու կուրծքը:
Դուրս ցցված շրթունքները տգեղության նշան են, իսկ դիմագետները կարծում են, որ դրանք վկայում են մարդու փառասիրության և մեծամտության մասին:
Թեև համարվում է, որ գլխի որոշ հատվածները խուզած մարդը տգեղ երևույթ է, սակայն ամերիկյան հնդկացիների որոշ ցեղախմբերի մոտ դա, զուգակցվելով համապատասխան գունավորմանը և զարդարանքներին, կարող է մարտական սիմվոլիկայի նշանակություն ունենալ:
Որովայնի և առհասարակ ամբողջ մարմնի վրա սպիների առկայությունը գեղեցիկ է համարվում Աֆրիկայում` Սահարա անապատից հարավ ընկած գրեթե բոլոր տարածքներում բնակվող տոհմերի մոտ:
Արևմտյան էթիկետի համաձայն` ձեռքով սնունդը ափսեից բերանը տանելը շատ տգեղ երևույթ է, բայց այդպես ուտելը սովորական է համարվում հնդիկների, միջինասիական ժողովուրդների (ուզբեկ, տաջիկ) համար:

Комментарии