Ավետիք Իսահակյան: Ուսումնական մեդիափաթեթ (Մաս 2)

Ավետիք Իսահակյան կենսագրություն



Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ 1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։




Ավետիք Իսահակյան բանաստեղծություններ

Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…


Տեղեկություններ Ռիալտո կամուրջի մասին
Ռիալտոյի կամուրջը (իտալ.՝ Ponte di Rialto), Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։


Հավերժական սեր
I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք հավքեր կարոտով.
Շատրվաններն հրահրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վրա հյուսքը նրա - ծփծփան,
Հանց նունուֆար լույս - աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի՝
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր,
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կապարի պես լուսնկան
փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուքի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս
Բայց իմ սերը բարձրաբարձր են նրանցից.
-Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի անապատի շնչի տակ.
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կըգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի,
Եվ արևը մի բուռ մոխիր կդառա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում՝ վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնածլից
Նվագում են, ու երգում են, ու պարում

Комментарии