V-րդ դարի հայ պատմիչները

Ագաթանգեղոս
Ագաթանգեղոս (IV կամ V դար), հայ գրականության Ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ։ Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ»: Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի: Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։
«Պատմություն Հայոց»-ի նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։



Փավստոս Բուզանդ

Որոշ ուսումնասիրողներ Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին, հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին չի պահպանված, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Բուզանդի երկում եղած «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է։ Գրքի առաջին մասը (երրորդ դպրություն) ավարտվում է մի հիշատակագրությամբ. «Կատարեցաւ երրորդ դարք քսան և մի պատմութեանց դպրութիւնք ժամանակագիր կանոնք Փաւստեայ Բիւզանդեայ մեծի պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Փավստոս Բուզանդի երկը ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Արևելահռոմեական Կայսրության (Բյուզանդիայի) և Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։


Ղազար Փարպեցի
Ղազար Փարփեցի (մոտ 442–VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։ Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465–470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։



Комментарии