V-րդ դարի պատմագրություն: Մեսրոպ Մաշտոց և Հայ գրերի գյուտը

V-րդ դարի պատմագրությունը

Հայ 
մշակույթի ոսկեդարը (5-րդ) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես  Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայական միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ Եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծական շարադրանքի միահյուսմամբ։

Մեսրոպ Մաշտոցը և Հայ գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: 
Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք: Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Комментарии