Գյումրի ու մի բան էլ ավելի

Անցած երկու տարիների ընթացքում բազում անգամ երկօրյա ճամփորդություններ եմ ունեցել դեպի Գյումրի քաղաք և ամեն անգամ դրանք ունեցել են իրենց յուրօրինակությունն ու տարբերությունները: Այս անգամվա ճամփորդությունը չգիտես ինչու ամենատպավորիչն ու հավեսն էր, քան մնացածները: Ճիշտ է, յուրաքանչյուր անգամ նույն վայր ճամփորդության գնալը տարբեր է անցնում և ամեն անգամ նոր բաներ ես քեզ համար բացահայտում, բայց այս երկօրյա մեր «բացահայտումը» իր բոլոր կողմերով և ապրած պահերով կարողացավ հետք թողնել իմ մեջ: Գյումրի այցելելու մեր գլխավոր նպատակը մեր «Խազեր» երկսեռ երգչախմբի ձայնասկավառակի շնորհանդեսին մասնակցելն էր, որը կայանալու էր «Բեռլին Արտ» հյուրանոցում, բայց մինչև հյուրանոց հասնելը, մենք պետք է տեղավորվեինք «Դոմ Պոլսկի» կոչվող՝ նախկինում որպես լեհական գրասենյակ շահագործված հյուրատանը: Հյուրատունն իր մեջ ուներ «տնական» մթնոլորտ և ինչ-որ տեղ հիշեցնում էր ինձ իմ տատիկի նախկին տունը: Այնտեղ տեղավորեցինք մեր իրերը, զրուցեցինք տարբեր թեմաներից, թեյեցինք, որից հետո քայլքով շարժվեցինք դեպի «Բեռլին»:
Ճանապարհին հանդիպեցինք մեր հին ընկերներին՝ խազերին, և կարոտն առնելու համար աջ ու ձախ գրկախառնվեցինք: Շատ օրեր ունենք միասին ապրած: Շատ էի կարոտել մեր գյումրեցի խազերին, երկար ժամանակ էր, ինչ չէինք տեսել միմյանց: Մեր զրույցները կարճ տևեցին, քանի որ և՛ «Խազերը», և՛ «Ֆոլկ բենդը» պետք է փորձեր անեին ելույթից առաջ: Եկավ երկար սպասված ելույթի ժամը: Խազերը դուրս եկան բեմ մեր սիրելի Անի Նավասարդյանի գլխավորությամբ և ինչպես միշտ շշմեցրին և՛ ինձ, և՛ հանդիսատեսին: Կարոտը կարող է տարբեր բաներ անել մարդու հոգեվիճակի հետ .... Նոստալգիան և փշաքաղությունները այդպես էլ չլքեցին ինձ ամբողջ համերգի ընթացքում: Ցավոք սրտի, այդ ամենը երկար չտևեց և շատ սիրված «Խազերը» պետք է ավարտեին իրենց ելույթը, բայց ահա հարթակ դուրս եկավ մեր «Ֆոլկ բենդը»՝ ընկեր Նելիի գլխավորությամբ: «Խազերի» և մյուս մասնակիցների հետ երգեցինք մեր հայկական ազգային երգերը և մի լավ ուրախացանք: Այս բոլոր ելույթներից հետո շտապեցի զրուցել ի խազ ընկերների հետ: Հիշեցինք մեր անցկացրած լավ պահերը, ծիծաղեցինք, գրկախառնվեցինք և իհարկե շնորհավորեցինք իրար այս ահռելի ձեռքբերման համար, քանի որ սա տոն է նաև մեր՝ կրթահամալիրյան խազերի համար:




Комментарии