Դիվանագիտություն և հյուպատոսություն

Դիվանագիտություն
Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը։ Միջազգային պայմանագրերը, նախքան ազգային քաղաքական գործիչների կողմից հաստատվելը, անցնում են բանակցությունների փուլով։ Դեյվիդ Սթիվենսոնը հաղորդում է, որ մինչև 1900 թվականը «դիվանագետ» հասկացություն ասելով հասկանում էին նաև դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսական ծառայություններ և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ: Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են՝

  • դիվանագիտական ներկայացուցչությունը
  • հյուպատոսություն
  • առևտրական ներկայացուցչությունները
  • միջազգային կազմակերպություններին առընթեր՝ պետությունների ներկայացուցիչները
Հյուպատոսություն

Հյուպատոսություն, պետության ներկայացուցչություն այլ պետության տարածքում գտնվող որևէ բնակավայրում, որը գլխավորում է հյուպատոսը։ Հյուպատոսության տեղն ու գործունեության շրջանակները որոշվում են հյուպատոսներ փոխանակող պետությունների փոխադարձ համաձայնությամբ։ Հյուպատոսությունը, որպես պետությունների փոխհարաբերության միջոց, գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա., Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։
Պետականության անկումից հետո բուն իմաստով հյուպատոսական գործունեությունը Հայաստանում ընդհատվել է, սակայն վաճառականության ընտրովի նույնանման մարմիններ գործել են նաև հետագայում։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-20) հյուպատոսություններ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Ճապոնիայում, Մանջուրիայի, Հեռավոր Արևելքի քաղաքներում, Բեռլինում, Մանչեստրում, Մարսելում, Միլանում, Բելգրադում, Ժնևում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Ադիս Աբեբայում, Օդեսայում, Բաթումում, Սուխումում, Վլադիկավկազում ևն։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հյուպատոսություններ են ունեցել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Իտալիան։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Հայաստանում ներկայացված օգնություն իրագործող կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում կատարել են նաև հյուպատոսությունների դերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ՀԽՍՀ հյուպատոսություններ է ունեցել Բաթումում, Սուխումում, Պոլտորեցկում (այժմ՝ Աշգաբադ), Թավրիզում։ ԽՍՀՄ կազմավորումից հետո ՀԽՍՀ հյուպատոսությունները վերացվել են։ Հայաստանի անկախության հռչակումից (1991) հետո հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի մի շարք երկրների հետ։ Երևանում գործող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանությունները ունեն հյուպատոսական բաժիններ։ Հայաստանի Հանրապետության հյուպատոսները (1999-ին՝ 6), ինչպես նաև դեսպանությունները տարբեր երկրներում իրագործում են հյուպատոսություններին հատուկ ծառայություններ։

Комментарии