Պետություն և իշխանություն

Պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական  հատկանիշներով:
Տարածք: Դա այն վայրն է, որտեղ գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները: Ընդ որում, պետության տարածքր կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշտպանումն է:
Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ, բայց ոչ բավարար տարր է: Այս կամ այն տարածքը կամ նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականաության կարևոր պայմանն է:
Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց և թափանցիկ է, քան նրա մնացած մասերը: Պետությունը նաև ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը: Վերջինս ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի ու կազմակերպությունների նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ:
Ինքնիշխանություն (ֆրանսերեն souverainete՝ գերագույն իշխանություն, գերակայություն, տիրապետում) պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները. պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում։

Комментарии